ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ինքնին վերածվել է քաղաքական «ապրանքի», որը փորձում են «թանկով ծախել»

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ինքնին վերածվել է քաղաքական «ապրանքի», որը փորձում են «թանկով ծախել»
19.07.2025 | 13:25

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը»։

Առաջին հայացքից նման հայտարարությունը, այն էլ ԱՄՆ-ի նման ազդեցիկ երկրի ղեկավարի կողմից, եթե խոսքը վերաբերում է Թրամփի պես էքսցենտրիկ, պոպուլիստ գործչի, կարող է տպավորություն թողնել, թե հայ–ադրբեջանական բանակցություններում իսկապես լուրջ առաջընթաց կա, և խաղաղությունը սարերի հետևում չէ։ Սակայն, եթե վերացնենք հուզական համատեքստն ու դիտարկենք Թրամփի քաղաքական վարքագիծը՝ կտեսնենք, որ նման խոսքերն իրականում ավելի շատ կապ ունեն իր ոճի հետ, քան՝ փաստացի իրողությունների։

Թրամփը հայտնի է իր պոպուլիստական հայտարարություններով, որոնց մեծ մասը հետո մոռացվում է կամ մնում թղթի վրա։ Նրա նախագահ ընտրվելուց հետո արդեն անցել է կես տարուց ավելի, բայց այդ ընթացքում որևէ լուրջ աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ հակամարտության կարգավորման ուղղությամբ նա տեսանելի կամ արդյունավետ քայլեր չի իրականացրել։ Դատարկ, երբեմն իրար հակասող մեկնաբանություններից զատ՝ ոչ մի գործնական քաղաքականություն «գետնի վրա» չենք տեսել։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես էր Թրամփը խոսում Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի լուծման մասին, սակայն որևէ գործընթացի ականտես չեղանք։ Դրանից հետո նա ամեն կերպ փորձում էր միջամտել Իրան-Իսրայել հարաբերությունների լարվածությանը, սակայն արդյունքը եղավ հակառակը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը միայն էլ ավելի սրվեց։ Պաղեստին-Իսրայել հակամարտության առումով ևս ԱՄՆ-ից և մասնավորապես Թրամփից որևէ կոնկրետ միջնորդական նախաձեռնություն չի ներկայացվել։ Եմենում հութիների հարցով նույնպես պահպանվում է նույն քաոսային, գերլարված վիճակը, ինչ եղել է մինչ այդ։

Այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ Թրամփի հայտարարությունը «խաղաղության հրաշքի» մասին լավագույն դեպքում կարելի է ընկալել որպես հերթական պոպուլիստական աչքակապություն, իսկ վատագույն դեպքում՝ քաղաքական շահարկում։ Այն ավելի շատ ծառայում է իր ազդեցությունը և դերակատարությունը մեծացնելու, քան որևէ հիմնախնդիր լուծելու նպատակին։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրին», ապա ստեղծվել է բավական հարմար քաղաքական պատեհ պահ, երբ ոչ մի տարածաշրջանային կամ միջազգային բևեռ իրականում շահագրգռված չէ նոր պայթյունավտանգ օջախ ստեղծելու մեջ։ Գաղտնիք չէ՝ Հարավային Կովկասը լոգիստիկ, էներգետիկ և կոմունիկացիոն խաչմերուկ է, ուստի բոլոր հիմնական խաղացողները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, Եվրոպական պետությունները և Չինաստանը նախընտրում են այդ տարածքում հարաբերական կայունություն։ Այդ պատճառով էլ խաղաղության գործընթացն ինքնին վերածվել է քաղաքական «ապրանքի», որը փորձում են «թանկով ծախել»՝ առանց բովանդակային արդարության կամ երկարաժամկետ ապահովման մեխանիզմների։

Միջազգային դերակատարների գործողությունները այսօր ավելի շատ միտված են իրավիճակը վերահսկողության տակ պահելուն և ռազմավարական շահերն ապահովելուն, քան լրջորեն լուծելուն Արցախի կամ Հայաստանի անվտանգային ու ինքնիշխանության հիմնախնդիրները։ Թրամփի պես գործիչները փորձում են օգտվել այդ միջավայրից՝ սեփական դիրքը միջազգային ասպարեզում վերականգնելու նպատակով։

Ի վերջո, պետք է արձանագրել մի պարզ իրողություն՝ ԱՄՆ-ի պես հսկայական երկրի ղեկավարն իրեն կարող է թույլ տալ դեմագոգիկ և երբեմն նաև ցինիկ արտահայտություններ, քանի որ իր խոսքերից, մեծ հաշվով, ոչ մի ամերիկացի չի տուժում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ